ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ոչ մի նահանջ չի լինելու»

«Ոչ մի նահանջ չի լինելու»
30.01.2009 | 00:00

«ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է»
Ընդդիմության հանրահավաքների դադարեցումն իշխանական դաշտում ընկալվեց որպես նահանջ, ավելին, ոմանք տեսակետ հայտնեցին, թե իբր ընդդիմությունը հասկացել է, որ զանգվածային միջոցառումներով արդյունքի չի հասնում։ Մինչդեռ ընդդիմությունը դրա համար բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել` հետագայում մշտապես շեշտելով, որ հանրահավաքային պայքարի ձևը կրկին վերսկսվելու է։ «Ինչպիսի՞ հակափաստարկներ ունեք իշխանության նմանօրինակ պնդումներին և վերստին նույն գործելակե՞րպն եք որդեգրելու»։ Այս հարցով սկսեցինք զրույցը Հայ ազգային կոնգրեսի անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։
-Այո, ընդդիմությունը շարունակելու է նույն գործելակերպով,- նշեց պարոն Մանուկյանը։- Բոլոր գործելակերպերը մեզ համար հոգեհարազատ են, որոնք տանելու են իշխանապետության, ավազակապետության քանդմանը։ Բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ դա նահանջի կամ վախվորածության քայլ էր, կարող եմ հիասթափեցնել, քանի որ ակտիվացման փուլ ենք մտել, նյութը շատ է, բողոքելու թեման` լիքը։ Ոչ մի նահանջ չի լինելու, մեր առջև դրված խնդիրները մենք լուծելու ենք, հասարակությունը մեզ հետ է, քաղաքական ուժերը համառ, կայուն, վստահ են այս գործընթացում։
-Ե՞րբ է նախատեսվում հաջորդ հանրահավաքը։
-Ամենաուշը` մարտի 1-ին։
-Կարծում եք` հասարակությունը նորից նույն հավատով ու նույն ոգևորությամբ կհավաքվի՞։
-Դա կախված է ասելիքից, նաև այն ընդհանուր մթնոլորտից, որն այսօր առկա է Հայաստանում։ Բնականաբար, ինչ-որ առումով, թվաքանակի հետ կապված փոփոխություններ եղել են, որովհետև որոշ մարդիկ, որ շատ ավելի արագ գործընթացի կողմնակից էին, գուցե հետ են քաշվել։ Սակայն ավելացել են նոր զանգվածներ, որոնք նախորդ ամիսների ընթացքում համոզվեցին, որ իշխանությունը խաբեությամբ է զբաղված։ Շատերը համոզվեցին, որ մարտի 1-ը, զոհերը իշխանության ձեռքի գործն էին։ Իսկ դատավարություններն էլ ապացուցեցին, որ այսօրվա մեղադրվողներից ոչ մեկը մեղավոր չէ այն հոդվածներով, որ իշխանություններն իրենց ներկայացրել են։ Ահա այս զանգվածը շարժմանը կավելանա։ Համոզված եմ, որ այս փուլում իշխանության դեմ և մեզ կողմ մտածողների քանակն ավելին է, քան մարտի 1-ին, այսինքն, քանակային առումով, դժգոհողների թիվն այսօր ավելի շատ է։
-Դժգոհողների քանակի ավելացումն արդյոք պայմանավորված չէ՞ առկա ֆինանսատնտեսական ճգնաժամով։ Տիրապետող է այն կարծիքը, որ այս պահին ընդդիմությունը կօգտվի սոցիալական բունտից ու քաղաքացիներին հենց այդ ուղղությամբ էլ կուղղորդի։
-Մենք հասարակությանը չենք ուղղորդի։ Փառք Աստծո, հասարակությունն այսօր ինքն իրեն շատ լավ ուղղորդում է։ Տաքսիստների և ՀԴՄ-ներից դժգոհողների շարժումն ինքնակազմակերպվող է, որը մեզ ուրախացնում է, քանի որ նրանք քաղաքացիական դիրքորոշում են դրսևորում ու պայքարում իրենց իրավունքների համար։ Մենք նրանց չենք ուղղորդում և նրանց հետ կապի մեջ չենք։ Մեր խնդիրը մաքուր քաղաքական է, և հայտարարել ենք, որ չենք փորձում սոցիալականն ուղղորդել դեպի քաղաքական շարժում։ Ընդհանուր մթնոլորտն ըմբոստացնող է և դժգոհելու առիթ է տալիս։ Ի վերջո, բոլոր տարածվող շարժումներն իշխանությունների մեղքի հետևանք են։ Մեր և այս շարժումների ընդհանրությունը մեկն է, մեղավորը, թիրախը նույնն է` իշխանություն։ Մենք խնդիր չունենք կոորդինացնելու այդ շարժումները։ Նրանց խնդիրը լիովին այլ է, և մեր քաղաքական խնդիրների հետ այս փուլում չի խաչվում։
-Քաղաքական ակտիվ պայքարի ասպարեզ վերադառնալու ազդակ կարո՞ղ է դառնալ ՀԱԿ-ի մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրությանը։
-Այսօր որևէ քննարկում այդ առնչութամբ չի եղել։ Մենք ունենք շատ ավելի առաջնահերթ` և՛ կարևորությամբ, և՛ ժամկետով պայմանավորված խնդիրներ, այն է` քաղբանտարկյալների ազատ արձակում, «7-ի գործով» դատավարություն։ Հայաստանը ժողովրդավարության ուղի վերադառնալու ավելի հրատապ խնդիրներ ունի, որից հետո էլ հնարավորություն կլինի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իմ անձնական կարծիքով, որը կարող է հետագայում փոփոխման ենթարկվել, այս ռեժիմի ու լարվածության պայմաններում, երբ մեր ընկերները բանտերում են, ընտրություններին մասնակցել չարժե, քանի որ դա կարող է լինել հերթական ֆարսը։ Երկրորդեմ` իմ այս կարծիքը նախնական է և սուբյեկտիվ։
-ՀՀ Քր. օր.-ի 225 և 300 հոդվածներում փոփոխությունների և լրացումների կատարումն աղերսներ ունի՞ «7-ի գործով» դատավարությունների հետ, և ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները ձեռնարկեցին այդ քայլը։
-Անշուշտ, ունի, իսկ այն փոփոխելն իշխանությունների որոշելիքը չէր, այլ ԵԽ-ի առաջարկած բանաձևի շրջանակում է։ Խնդրի լուծման բոլոր տարբերակները ԵԽ-ն փորձելու է ներկայացնել Հայաստանին։ Ընդ որում, առաջարկված են կետեր, որոնք համաձայնեցված են ՀՀ իշխանությունների հետ, իսկ որոշ բաներ էլ իշխանությունների հավաստիացումների ու խնդրագրերի հիման վրա են ձևավորվել։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները խնդրել են այդ կառույցին` տալ ժամկետ որոշակի խնդիրներ լուծելու համար, որոնց մեջ է մտնում 225 և 300 հոդվածների փոփոխությունը, ոստիկանների ցուցմունքներով կալանավորված 32 անձի ազատ արձակելը, մամուլի ազատությունը, միտինգների ազատության ապահովումը։ Իհարկե, իշխանությունը մեկ անգամ էլ կփորձի «բլեֆ» անել ու թոզ փչել։ Բայց այս անգամ, ի տարբերություն նախորդ երկու բանաձևերի, խնդիրը շատ կոնկրետ է` և՛ ժամանակի, և՛ բովանդակության առումով։ Իշխանությունների վերջին «բլեֆն» է սա, որպեսզի խաբեն եվրոպացիներին, ավելին, նույնիսկ նախկին «բլեֆն» այսօր շատ արագ կբացահայտվի։ Ասածս վերաբերում է այն 28-ի ազատ արձակմանը, որը բանաձևում առանձին կետով ֆիքսվել է ու լուրջ առաջընթաց է ձևակերպվել։ «Բլեֆն» այստեղ այնքան հստակ է, որ 28-ից 20-ը ցուցարարներ չեն, միտինգի հետ կապ չունեն, պարզապես քրեականով դատված մարդիկ են, որոնցից երկուսն էլ անգամ դատախազության ցուցակում գրանցված չեն որպես մարտի 1-ի դեպքերի մասնակից։ Նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնց դատվելուն մենք կողմնակից ենք եղել, քանի որ նրանք այն ներդրված թալանչիներն ու ավտոմեքենա վառողներն են, ովքեր այսօր եվրոպացիների աչքին ներկայացվում են որպես ցուցարարներ։ Ասել է` նրանց ներումը դիտարկվել է առաջընթաց ժողովրդավարության ճանապարհին։ Սա պարզագույն ժուլիկություն, խաբեություն է, որը կբացահայտվի մի քանի օրվա ընթացքում։ Հիմա չգիտեմ` եվրոպացիներն ուզեցել են խաբվե՞լ, թե՞ իսկապես խաբվել են։
-Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, նախ` ընդդիմությանը որքանո՞վ է ձեռնտու, և արդյո՞ք կրկին շանս է իշխանություններին` որոշակի դրական քայլեր անելու համար։
-Ճիշտ եք, սա իշխանությունների համար խնդիրները լուծելու ևս մի շանս է։ Եվրոպական կառույցները պատժիչ գործառույթ չունեն, նրանք ցանկանում են, որ առաջընթաց լինի, և խնդիրները լուծվեն, թեկուզ մի քիչ ուշացումով, թեկուզ վարկաբեկվելով։ Այս բանաձևում խնդիր է դրված լուծել այն հրատապ հիմնախնդիրները, որոնք երկրում լարվածություն են առաջացնում։
-Հաճախ են ասում, որ Եվրախորհուրդը երկակի ստանդարտներ է կիրառում։ Համամի՞տ եք։
-Անշուշտ, կիրառում է, որովհետև քաղաքական լուրջ գործոններ են աշխատում։ Սա պայմանավորված է ինչպես Ղարաբաղի հիմնախնդրով, այնպես էլ ՌԴ-ի և Եվրոպայի հարաբերություններով, «Նաբուկո» ծրագրով և այլն, այսինքն, միայն Հայաստանի ընդդիմության և իշխանության վեճը չէ այստեղ։ ՈՒ այս ամենն առաջնահերթ անդրադառնալու է Ղարաբաղի հարցի լուծման վրա, բայց Հայաստանի համար բացասական առումով։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4614

Մեկնաբանություններ